Թովմասյանի պաշտպանին թույլ չտվեցին բացարկի միջնորդություն ներկայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնակցությամբ, այսօր շարունակվել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

 

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել Հրայր Թովմասյանի նկատմամբ, բայց դատարանը հնարավորություն կտա նրան վերադառնալ և հանդես գալ պաշտպանական ճառով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար:

Դատավորը նաև հայտնեց, որ պատրաստ է քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը Հրայր Թովմասյանին դատական նիստերի դահլիճ վերադառնալու միջնորդությունը։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ պատրաստվում է բացարկ ներկայացնել դատավոր Գրիգորյանին։

Դատավորն ասաց, որ բոլոր միջնորդությունները, որոնք չեն վերաբերի պաշտպանական ճառին, դատարանը կքննարկի դատական նիստի ավարտից հետո, իսկ պաշտպանը նախ պետք է ներկայացնի պաշտպանական ճառը։

Հրայր Թովմասյանի պաշտպանը պահանջեց, որ Գրիգորյանը նշի, թե երբ է հնարավորություն տրվելու իրեն բացարկ ներկայացնել։

Դատավորն ասաց, որ այդ հնարավորությունը կտրվի պաշտպանական ճառի ավարտից հետո։

«Ինձ օր ու ժամ ասեք, կարող է ես այսօր չեմ ավարտելու իմ պաշտպանական ճառը: Այդ ճառը տևելու է մոտավորապես, երեք դատական նիստ: Այսինքը, ես իմ ճառը պետք է կարդամ մի դատավորի, ով բացարկման ենթակա է, ով կողմնակալ է»,-հայտարարեց Արամ Օրբելյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։

News.am