ԱԱՏՄ․ ՀՀ-ում այս տարի դեղերի շրջանառության ոլորտում 3 մլրդ դրամի տույժ-տուգանք է կիրառվել

Հայաստանում այս տարի դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում 3 մլրդ դրամի տույժ–տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

«Տուգանքների հիմնական մասը (2,9 մլրդ) վերաբերում է Հայաստանում չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներկրված դեղերի իրացմանը։ Նման դեպքերում յուրաքանչյուր անվանման դեղի մինչև 5 փաթեթ վաճառքի համար նախատեսված է 1 միլիոն դրամի տուգանք, 5 տուփից ավելի վաճառքի դեպքում` 2 միլիոն դրամ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` այս տարվա ցուցանիշը մոտ 6 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից. 2023–ին մոտ 500 մլն դրամի տույժ–տուգանք է կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։

ԱԱՏՄ ղեկավարը նշեց, որ բացի վերը նշված դեպքերից, տուգանքներ են կիրառվում նաև ժամկետանց դեղերի և առանց դեղատոմսի դեղերի վաճառքի դեպքում: Նմանատիպ իրավիճակներոմ տուգանքը կազմում է համապատասխանաբար 100 հազար և 5 հազար դրամ։

Սարգսյանի խոսքով` մեծ խնդիր են նաև օնլայն հարթակները, որոնք դեղեր են վաճառում առանց համապատասխան լիցենզիայի։ Նման դեպքերում չգրանցված կամ նույնիսկ կեղծ դեղ ներկրող անձն անհայտ է։ Տեսչությունը հորդորում է ձեռնպահ մնալ նման գնումներից։

«Եթե անձինք մեզ դիմում են և նշում, որ այս կամ այն դեղը կեղծ է, նշում են տնտեսվարող սուբյեկտին, ներմուծողին կամ որտեղ է այն առկա, մենք իրականացնում ենք վերահսկողություն։ Եթե այդ տվյալներն առկա չեն և դեղն ուղղակի հայտնվել է շուկայում, մենք մեր կայքի միջոցով քաղաքացիների տեղեկացնում ենք, որ զերծ մնան այսինչ դեղի այս սերիան գնելուց»,–ասաց նա։

Սարգսյանը հավելեց, որ տեսչական մարմինն այսօր ունի 20 աշխատակից, յուրաքանչյուր ստուգում կատարում են 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Sputnik Արմենիա