Օրբելյան․ Հրայր Թովմասյանի տունը ուզում էին խուզարկել, որ 8 մլն-ը գերազանցող իրեր գտնեին, գործ է կարվել
Այս գործի հարուցումը չի կարող համարվել օրինական, որովհետև քրեական հետապնդումը հարուցվել է ոչ գլխավոր դատախազի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը:
«Հրայր Թովմասյանի մասնակցությամբ դատական ակտերում ակնհայտ է, որ տեղի են ունեցել գաղտնալսումներ, ստացվել են դատական ակտեր, որոնք իրենց էությամբ համարվում են քրեական հետազոտում, որովհետև միջնորդություններում հստակ նշված են հանգամանքներ: Ինչու չի ներկայացվել դրանց մասին տեղեկատվություն:
Դատական ակտերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանի տանը փորձում են ստանալ խուզարկության որոշումներ, չեն ստանում, հետո թաքցնելով այդ հանգամանքը, ինչ-որ եղանակներով ստանում են, որպեսզի իր տանը գտնեն 8 մլն-ը գերազանցող իրեր:
Ակնհայտ երևում է, որ խոսքը ոչ թե այն մասին է, որ տեղի է ունեցել դատական քննություն, այլ տեղի է ունեցել գործ կարել»,-հայտարարեց պաշտպանը:
Նրա խոսքով, այս ողջ քրեական գործն իր ապացուցողական բազայով համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված և ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների խախտմանը:
«Այս գործի շրջանակներում նպատակ է եղել ոչ թե արդարադատության գործընթաց իրականացնել, այլ հասնել քաղաքական իշխանությունների թաքնված օրակարգին՝ այն է՝ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի, ապա նաև ՍԴ դատավորի պաշտոնից: Այս գործընթացը շատ բնորոշ է Լատինական Ամերիկայի բռնապետական ռեժիմներին:
Նման գործելաոճով թողնում ենք, որպեսզի Բախշիյանին ձերբակալեն, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցեն և իր վարույթից գործեր վերցնեն, թողնում ենք, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին առանց նրա լսված լինելու իրավունքը թույլ տալու»,- հայտարարեց Արամ Օրբելյանը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընդհատեց պաշտպանին՝ նշելով, որ փաստաբանի ճառում հնչում են հանգմանքներ, որոնք կապ չունեն այս գործի հետ:
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
News.am