Պաշտպան․ Սոնա Մնացականյանի գործով դատական նիստը ձգձգվում է վաղեմության ժամկետը լրանալու նպատակով
2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդ՝ մայոր Արամ Նավասարդյանի կողմից հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով հերթական դատական նիստը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կկայանա օգոստոսի 29-ին։
Panorama.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վաղվա նիստում հարցաքննվելու է դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետը։ Նման միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական կողմը։
Այն, որ այս գործով դատական նիստերը ուշ-ուշ են նշանակվում (վերջին նիստը կայացել է հունիսի 18-ին), փաստաբանն ասաց, որ արդեն 7 ամիս պաշտպանության կողմը հանդես է գալիս միջնորդություններով։
«Ինձ համար հասկանալի է պաշտպանության կողմի մոտեցումը, իրենք միջնորդություններ են ներկայացնում, դատարանները խիստ ծանրաբեռնված են, հնարավոր չէ ավելի արագ նիստեր նշանակել, ու նշանակվում են 1-2 ամիս ընդմիջումներով։
Այդ պայմաններում ձգձգվում են դատական նիստերը։ Սա հենց ի սկզբանե վարորդին ազատության մեջ թողնելու արդյունք է, այդ ակնկալիքով է ազատության մեջ թողնվել։
Բոլորը լավ հասկանում են, որ կալանավորված անձի գործով նիստերն այլ արագությամբ են գնում, ազատության մեջ գտնվող անձի գործով նիստերը՝ բոլորովին այլ»,- ասաց պաշտպանը։
Մեր ճշտող հարցին, այսինքն նիստերը ձգձգվում են, որ վարորդը հնարավորինս երկա՞ր մնա ազատության մեջ այն դեպքում, եթե մեղավոր ճանաչվի, Րաֆֆի Ասլանյանն ասաց. «Տարբեր դատավարական նպատակներ կարող են լինել, ես չեմ կարող ասել։ Շատ նպատակներ կան, ընդհուպ վաղեմության ժամկետ և այլն»։
Այս գործով վաղեմության ժամկետը լրանում է դեպքից 5 տարի հետո, քանի որ դեպքը տեղի է ունեցել նախկին Քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում։ Ողբերգական դեպքից արդեն անցել է ավելի քան 2,5 տարի։
«Դատաքննությունը ձգձգվում է, պաշտպանության կողմն իր բոլոր իրավական ու դատավարական լծակներն օգտագործում է, դատարանի կանխակալության մասին այս պահին որևէ հիմնավորում չունենք, ինչը տեսանելի կլինի առանձին սենյակում՝ համապատասխան վճիռ կայացնելիս»,- դատավարության ընդհանուր ընթացքի մասին նման գնահատական հնչեցրեց Րաֆիի Ասլանյանը։
Դատկան տեղեկատավական համակարգում ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն. «Արամ Միխայիլի Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և, գտնվելով ծառայության մեջ իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ին, իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Պարոնյան փողոցով՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից Պռոշյան փողոցի ուղղությամբ՝ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, իր ուղեմասով՝ երկրորդ և երրորդ ուղեգոտիները միմյանցից բաժանող գծանշաումների վրայով, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին, թույլ է տվել ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այն է՝ ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, ժամանակին չդիմելով արգելակման ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենային առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականի Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելուվ այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»: