ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈ՞Վ
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերության մեջ են պահում Փաշինյանի խնդրանքով: Հայտարարությունը հույզերի փոթորիկ առաջացրեց, թեև սենսացիոն ոչ մի բան դրանում չկա, նման եզրակացությունն ի հայտ է գալիս ինքնաբերաբար: Արցախում ցեղասպանությունից և 120 հազար հայերի բռնի տեղահանումից անմիջապես հետո Փաշինյանի քարոզչամեքենան սկսեց ցինիկ թեզեր տիրաժավորել այն մասին, թե իբր ընդդիմությունը շահագրգռված էր իրադարձությունների նման զարգացմամբ, քանի որ արցախցիների ներկայությունը ՀՀ տարածքում ակտիվացնում է պայքարն իշխանության համար։
Արցախցիների մասնակցությունը բազմիցս մատնանշվել է նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման փողոցային ակցիաների հետ կապված։ Զարմանալի ոչինչ չկա, որ արցախցիները մեղադրում են Փաշինյանին ու իր ռեժիմին հայկական երկրորդ հանրապետությունն ադրբեջանցիներին հանձնելու մեջ (տարածքի 75%-ը՝ 2020թ. 44-օրյա պայմանավորված պատերազմի, իսկ մնացած 25%-ը՝ 2023թ. շրջափակման, ցեղասպանության և ապարտեիդի արդյունքներով)։ Ողջ մեղքը Ռուսաստանի վրա բարդելու իշխանական քարոզչամեքենայի փորձերը մշտապես ձախողվում են։
Ռեժիմի քարոզչամեքենան գլխավոր մեղավոր նշանակեց նախագահ Սամվել Շահրամանյանին, թե իբր՝ ադրբեջանցիները զգուշացրել էին, որ նրա ընտրվելու դեպքում «հակաահաբեկչական գործողություն» է ձեռնարկվելու։ Մեղավորների շարքին դասվեցին նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Սեպտեմբերի 19-20-ի դեպքերից անմիջապես հետո ստեղծվեց քարոզչամեքենայի վարձու խումբը. ռեժիմին ծառայող պարոնայք բոլոր մեդիա հարթակներում ճղավում էին, թե Արցախի հանձնմանն է հանգեցրել Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ընդդիմության ճնշման տակ։
Ամենից հեռուն գնաց փորձագետ Թաթուլ Հակոբյանը՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի և մյուսների «երաշխիքներն» էին պատճառը, որ Վարդանյանը հայտնվեց ադրբեջանական գերության մեջ։ Իրենց հերթին՝ անկախ քաղաքագետները նշել են, որ Վարդանյանի ձերբակալությունը տեղի է ունեցել Փաշինյանի դրդմամբ, քանի որ ազատության մեջ գտնվելով՝ նախկին պետնախարարը, որին շատերն անվանում էին «Մոսկվայի մարդ», կարող էր վտանգ ներկայացնել իշխող վերնաշերտի համար: Ըստ առկա տեղեկությունների՝ Վարդանյանն անարգել անցել է Հակարի կամրջի մաքսակետը, սակայն մի քանի քայլ անելուց հետո հետ է կանչվել ադրբեջանցիների կողմից ու ձերբակալվել:
Արկադի Ղուկասյանի շրջապատի մարդիկ մեկ տարի առաջ պատմել են լրատվամիջոցներին, որ նախկին նախագահը շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվում իրեն։ Ձերբակալությունից հաշված ժամեր առաջ նա զանգահարել է հարազատներին ու մտերիմներին, խոստացել, որ իր առումով ամեն ինչ լավ կլինի, և որ անպայման կվերադառնա…
Ռեժիմի վերնաշերտը տաք հետքերով հավաստիացրեց, թե զբաղվում է գերիների ճակատագրով, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչների։ Խոսքը նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանի, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի մասին էր: Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարարին, ապա սկզբում իշխող էշելոնից ուղիղ տեքստով հայտնեցին լրագրողներին, որ չեն զբաղվում Դավիթ Բաբայանի հարցով, քանի որ «նա ադրբեջանցիներին է հանձնվել հոժարակամ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «հոժարակամ» հանձնվելը թելադրված է եղել նրա մտերիմների հասցեին սպառնալիքներով։ Ադրբեջանական կողմը պահանջել է, որ Բաբայանը գա Շուշի և գերի հանձնվի, հակառակ դեպքում նրա ընտանիքի անդամները չեն կարողանա դուրս գալ Արցախից։ Բաբայանի նկատմամբ ընդգծված կանխակալ վերաբերմունքը ԶԼՄ-ները բացատրեցին Փաշինյանի և Մեհրիբան Ալիևայի հասցեին նախկին նախարարի հայտնի արտահայտություններով։
Այսօր ադրբեջանական գերության մեջ գտնվողներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում իր վերաբերմունքն է արտահայտել Փաշինյանի նկատմամբ։ Մեկը դա արել է դեռևս 2018-ին՝ արձագանքելով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե 2018-ի «հեղափոխության» հաղթանակը շատ ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը: Ստեփանակերտից արձագանքը հնչեց անմիջապես, է՛լ ավելի արագ հաջորդեց Փաշինյանի հակադարձումը, որը հաջորդ օրը կրկնեց այդ թեզը (դա 2018թ. դեկտեմբերյան ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ էր)՝ խորհուրդ տալով Ստեփանակերտի պաշտոնյաներին զբաղվել իրենց գործերով։ Իսկ բացի այդ, ռեժիմի պարագլուխը սպառնաց, որ կզբաղվի այդ անձանց հարցերով ընտրություններից հետո. այդպես էլ ստացվեց, ոմանք ստիպված եղան հրաժարական տալ առաջին արտահերթ ընտրարշավից անմիջապես հետո…
Մեկ ուրիշն էլ, այն է՝ Արայիկ Հարությունյանը, Փաշինյանի հետ հարաբերությունները փչացրեց շատ ավելի ուշ, երբ ակնհայտ դարձավ, որ ռեժիմի պարագլուխը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում ոչ միայն խոսքով, այլև գործով...
Կարելի է բերել մի ամբողջ շարք փաստարկներ ու ապացույցներ, որ Փաշինյանը խորապես շահագրգռված է, որպեսզի Արցախի Հանրապետության օրինական իշխանության 8 ներկայացուցիչները չվերադառնան Հայաստան՝ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ: Նրանց վերադարձը կարող է դիմադրության մեծ ալիք բարձրացնել: 8-ից յուրաքանչյուրը կարող է փողոց դուրս բերել իշխող ռեժիմի մեծաթիվ հակառակորդների։ Գեներալ Կարապետյանը իրավացի է, և նրա ենթադրությունը տարածվում է ոչ միայն նախկին պետնախարարի, այլև Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր ներկայացուցիչների վրա:
Երբ ժամանակը գա՝ մենք կներկայացնենք այդ մարդկանց և Փաշինյանի փոխհարաբերությունների մեզ հայտնի բոլոր մանրամասները, իսկ առայժմ կառաջնորդվենք «մի՛ վնասիր» սկզբունքով։
Քաղաքականացված հանրությունը չի տեսնում ադրբեջանական գերությունից բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներին վերադարձնելու ուղղությամբ իշխող վերնախավի իրական ջանքեր։ Ապավինումը Պուտինին՝ վերջերս Բաքու կատարած այցի կապակցությամբ, ցույց տվեց, որ այդ հարցում ՌԴ նախագահի հետ ավելի մեծ հույսեր են կապված, քան ՀՀ վարչապետի: Մնում է հուսալ, որ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի կետերից մեկը կլինի ադրբեջանական գերությունից բոլոր հայերի վերադարձի հարցը, եթե ոչ Փաշինյանի, ապա ՌԴ նախագահի նախաձեռնությամբ…
Ինչո՞ւ ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ապշերոնի սուլթանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու համար Գուցե այն պատճառով, որ Փաշինյանն այնքա՞ն էլ համառորեն չի խնդրում այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, կամ ընդհանրապես չի խնդրում։ Փոխարենը հայտնի է, որ ՌԴ հայերի միությունը Բաքու այցի նախօրեին դիմել է Պուտինին՝ խնդրելով բարձրացնել հայ գերիների վերադարձի թեման, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
«Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների, առաջին հերթին՝ ԼՂ ղեկավարների ճակատագիրը Ռուսաստանում մտահոգում է շատերին, սակայն չի մտահոգում ՀՀ իշխանություններին։ Ես չեմ լսել, որ Վարդանյանի, Սահակյանի, Ղուկասյանի և մյուսների ճակատագիրը քննարկման առարկա դառնա հայկական կողմի հետ», - փաստեց Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ռուսաստանն այդ հարցում և՛ անելիքներ ունի, և՛ կարողություններ: Անելիք ունի այն տեսանկյունից, որ ռուս խաղաղապահները եղել են Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորը, ուստի ռազմաքաղաքական պատասխանատվությունը կրողը ռուսական կողմն է: Ռուսաստանը փաստացի չի կարողացել իր այդ պատասխանատվությունը կատարել: Պատճառները տարբեր կարող են լինել, գուցե չեն ցանկացել, գուցե լրիվ այլ շահեր են ունեցել: Ամեն դեպքում այս հարցը, ինչպես նաև մեր բռնի տեղահանությունը, ռուսների տիրույթում է: Արցախի առաջնորդների պատանդ լինելու պատասխանատվությունը թե՛ ռուսական կողմի և թե՛ տարբեր դրվագներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի վրա է», - հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա այն կարծիքին է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը թույլ տվեցին ցեղասպանությունն Արցախում, իսկ ներկայումս շարունակում են Ալիևին սիրաշահելու քաղաքականությունը՝ նրան Ռուսաստանից պոկելու նպատակով…