ՄԱԿ-ի ԱԽ-ը պահանջել է դադարեցնել «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի զինված ուժերի միջև հարձակումները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի պահանջել է դադարեցնել լիբանանյան «Հըզբոլլահ»-ի զինյալների և իսրայելական զինվորականների միջև աճող հարձակումները և նախազգուշացրել, որ հետագա էսկալացիան «լայնածավալ հակամարտության վերածվելու մեծ վտանգ է պարունակում», հայտնել է Associated Press գործակալությունը:
Անվտանգության խորհրդի՝ Իսրայելից և «Հըզբոլլահ»-ից ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը, որը իրավաբանորեն պարտադիր չէ, պարունակում է Ֆրանսիայի մշակած բանաձևում, որին միաձայն հավանության են արժանացրել Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրները: Բանաձևը համապատասխան դերակատարներին կոչ է անում վերականգնել հանգստությունը, զսպվածությունը և կայունությունը։
«Պատերազմի վտանգն, ընդսմին, դեռևս իրական է, և մենք մեր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ մոբիլիզացվել ենք՝ տարածաշրջանային հակամարտությունից խուսափելու համար»,-քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը լրագրողներին հայտնել է, որ լիբանանցի ժողովրդի համար ուղերձ ունի:
«Դուք և ձեր կառավարությունը ընտրություն ունեք՝ այսօր դիմակայեք «Հըզբոլլահ»-ին կամ տեսնեք՝ ինչպես է ձեր երկիրը մխրճվում քաոսի և ավերածության մեջ»,-հայտարարել է է նա:
Լիբանանի ներկայացուցիչ Հադի Հաշեմը առավել դիվանագիտորեն դրսևորեց իրեն՝ քվեարկությունից հետո շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին՝ «կայունության և հրադադարի օգտին» ընդունած հստակ ուղերձի համար:
News.am