Դմիտրի ԼՈՐԴԿԻՊԱՆԻՁԵ․ Ի ԴԵՄՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման ոճը շատ է հիշեցնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեբյուտին. այն պաթոսը, այն «հոգու պոռթկումը», որին Վրաստանն այդպես էլ չկարողացավ հասնել՝ կորցնելով, ընդ որում, իր ինքնիշխանությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Վրաստանի 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն։
«Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է ունենան մեկ ճակատագիր։ Վրաստանը և Հայաստանը փոքր պետություններ են, երկուսն էլ քրիստոնյա են և, իհարկե, մենք պետք է շատ ուժեղ պաշտպանենք միմյանց, հասնենք այն նպատակների իրականացմանը, որոնք կլինեն ի շահ մեր ժողովուրդների։ Ելնելով նրանից, որ Վրաստանն այժմ ընտրում է բազմավեկտոր քաղաքականություն, ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես կարող է հետևել այդ բազմավեկտորությանը։ Ոչ ոքի չպետք է թույլ տալ կործանարար ազդեցություն ունենալ հայ-ռուսական հատուկ հարաբերությունների վրա»,- նշել է նա։
Լորդկիպանիձեի խոսքով՝ այդ հարաբերությունները պետք է պահպանել։
«Ես հասկանում եմ՝ այդ ամենը Արևմուտքի գործողությունների պատճառով է, որը շատ բացասաբար է ազդում այդ հարաբերությունների վրա։ Եվ շատ դժվար է դիմադրել, քանի որ ի դեմս Փաշինյանի՝ Հայաստանն ունի նոր Սահակաշվիլի։ Ուստի անպայման պետք է ելնել այն սխալներից, որոնք Սահակաշվիլին թույլ էր տալիս իշխանության ղեկին գտնվելու ընթացքում, և այն սխալներից, որոնք թույլ տվեցինք մենք՝ հասարակությունը, երբ առանձնապես ուշադրություն չէինք դարձնում նման ցավոտ, արատավոր կառավարման կանխարգելմանը։ Եվ դուք տեսնում եք, թե մենք ուր ենք հասել», — ընդգծել է վրացի քաղաքական գործիչը։