Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՈՉ ՄԵԿԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակնհայտ է, որ իշխանությունների օրինակարգությունը սպառվել է, նրանք խախտել են սահմանադրական կարգը, ավելին, Ալիևի հետ համաձայնությամբ Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

Նա չի բացառել, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների ճանապարհով՝ փորձելով վերարտադրվել։

«Դրա համար պատճառներ կան: Նախ՝ դա նրանց հնարավորություն կտա ամրապնդել իրենց դիրքերն իրականացվող ծրագրերն ավարտին հասցնելու գործում։

Երկրորդ՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին արագ որոշում ընդունվի, իշխանությունները սովորաբար ավելի լավ են պատրաստվում, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել առավելության։

Միևնույն ժամանակ, արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կարող է և չընդունվել, քանի որ իշխանությունները կարող են պարտվել»,- հավելել է պատգամավորը։

Նա անհրաժեշտ է համարել հարցը չհասցնել հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան երկու տարի անց, քանի որ այս ընթացքում իշխանությունները կարող են լուրջ, անդառնալի խնդիրներ ստեղծել երկրի համար։

Ընդդիմության գլխավոր խնդիրը, նրա գնահատմամբ, շարունակում է մնալ լայն զանգվածների հետ ամենօրյա աշխատանքը։

Պատգամավորը նշել է, որ ամռանն այդ աշխատանքն ինտենսիվ կերպով անցկացվել է:

«Հանուն հայրենիքի» շարժումը նույնպես հսկայական աշխատանք է կատարել, դրանց թվում՝ մարզերում։ Ներկայում ամփոփվում են արդյունքները՝ աշնանը «Հանուն հայրենիքի» շարժման շրջանակում փողոցային լարված պայքար սկսելու համար։

Քաղաքացիների հետ հանդիպումներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց են, քանի որ գործ ունենք լուրջ տեղեկատվական համակարգերի տիրապետող և տեղեկատվական ահաբեկչություն իրականացնող իշխանությունների հետ։ Նրանց հաջողվում է շատ արագ հերոսներին դավաճանի դարձնել և հակառակը։ Դրան զուգահեռ գործում է նրանց ամոթալի ռեպրեսիվ մեքենան»,- ընդգծել է նա։

Սաղաթելյանը պարզաբանել է, որ իշխանությունների ապօրինությունների պատճառով հասարակության մեջ դժգոհություն է կուտակվել, և ընդդիմության խնդիրն է կազմակերպել այդ մարդկանց, դուրս բերել փողոց և հակադրել իշխանությունների ռեսուրսներին, ներառյալ՝ դրսի աջակցությանը։

«Ընդդիմությունը, ի տարբերություն իշխանությունների, խայտաբղետ է։ Ցավոք, ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք պայքարում են առավելության հասնելու, այլ ոչ թե բուն նպատակին՝ իշխանության հեռացմանը հասնելու համար։ Իսկ ընդդիմության ցանկացած պառակտում ձեռնտու է իշխող ռեժիմին: Այս դաշտում կան Նիկոլի դեմքով ընդդիմադիրներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում։ Սակայն ժամանակի ընթացքում այս ամենը բացահայտվում է, և հասարակությունը տալիս է իր գնահատականը։

Ընդդիմության ավելի լայն համախմբման համար անհրաժեշտ են ոչ միայն հայտարարություններ, այլև գործնական, անկեղծ քայլեր։ Սա կավելացնի հաջողության հասնելու հնարավորությունները»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կանցկացվի խոշոր միջոցառում, որտեղ կխոսվի ընդդիմության ծրագրերի մասին, ներառյալ՝ Արցախի հիմնախնդրի լուծման թեմայով։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա մոռացության մատնել Արցախի հարցը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության երաշխիքն է։ Այդ օրակարգին տուրք տալը (Արցախի հարցը մոռանալը– խմբ.) նշանակում է սատարել Փաշինյանի և Ալիևի քաղաքականությանը: Կորցնելով Արցախը՝ մենք վտանգեցինք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Արցախի հարցը մեզ համար փակված չէ»,- եզրափակել է Սաղաթելյանը։

News.am