Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՍՏԻՎԱՌՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՋԵՑՆԵԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՁԱՅՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ իշխանությունները հայ հասարակությանը փորձում են համոզել, թե հայ–ադրբեջանական հարաբերություններում հուլիսի 1–ից հետո ոչինչ տեղի չի ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Քաղաքական գործիչը հիշեցնում է` հուլիսի 1-ն այն ամսաթիվն էր, երբ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև պետք է կայանար համաձայնությունը և կանոնակարգը հաստատվեր, ուրվագծվեին հետագա քայլերը սահմանային ճշգրտումների առումով։

«Թեման կանգնեց հուլիսի 1–ին։ Նախքան դա անընդհատ խոսվում էր քարտեզների, սահմանազատման մասին, սկսվեց պրոցես Կիրանցում, Բաղանիսում, Ոսկեպարում և թեման եկավ կանգնեց հուլիսիս 1–ին։ Իսկ այդ օրից հայաստանյան իրականության մեջ հեծանվարշավներ, ֆեստիվառներ, փառատոնններ են և այլն»,–նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցեր են առաջանում` այս երկու ամիսներին կուլիսներում ի՞նչ են բանակցել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, կամ եթե չեն բանակցել՝ ի՞նչ է տեղի ունեցել այդ հարաբերություններում։ Աբրահամյանը չի կարծում, թե հայ–ադրբեջանական հարաբերություններում ոչինչ չի կատարվում։ Փաստն այն է, որ իրադարձությունները ինտենսիվ ընթացել են թե՛ մինչև պատերազմ, թե՛ պատերազմից հետո ավելի խտացված ձևով, բայց հասել ենք մի կետի, որ փորձում են համոզել, որ այժմ որևէ բան տեղի չի ունենում։

Նրա դիտարկմամբ` այս երկու ամսվա ընթացքում իշխանությունն իր ողջ քարոզչական մեքենան գործի է դրել, որ հնարավորինս շրջափակի, մեկուսացնի բոլոր այն անձանց, որոնց մտքով կարող է անցնել ճեղքում կատարել այդ «ֆեստիվառյան» կեղծ իրականությունից։

«Ի՞նչն է նպատակը։ Հայաստանի իշխանությունը փորձում է հիմնական կարևոր խնդիրների ձայնը իջեցնել, որովհետև դրանք լուրջ անվտանգային խնդիրներ են, որոնք կարող են ընդհուպ Հայաստանի պետականության համար լուրջ խնդիրներ առաջացնել, և դաշտ է առաջ մղվում այդ տիկտոկյան, ժամանցային, կենցաղային իրականությունը»,–հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Աբրահամյանն իրականությունից շեղելու երկու պատճառ է տեսնում. կա՛մ իշխանությունը խնդիր է դրել արհեստական օրակարգ ստեղծել և ետին պլան մղել հիմանական առանցքային հարցերը, որոնք կապված են Հայաստանի և Հայաստանի ապագայի հետ կամ էլ սպասում է որոշակի արտաքին ազդակների, որ գնա ընտրական պրոցեսների։

Այս իրավիճակում խոսելով ընդդիմության, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին, պատգամավորը նշեց, որ իրենց քաղաքական ուժի մոտեցումներում ոչինչ չի փոխվել, և ԱԺ 8-րդ գումարման ութերորդ նստաշրջանում էլ շարունակելու են նույն գործիքներից, մասնավորապես՝ քաղաքական հայտարարությունների իրավունքից օգտվել։

«Որտեղ կա քաղաքական հայտարարությունների, ճեպազրույցների անհրաժեշտություն՝ մենք այդտեղ կանք, բայց մենք այս պահին ևս չենք համարում, որ իշխանության հետ որևէ բովանդակային քննարկման անհրաժեշտություն կա։ Մենք բովանդակային մասով իշխանության հետ որևէ ֆորմատով որևէ բան չենք վարում»։

Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ուժերի հետ համագործակցությանը, նա ընդգծեց, որ քաղաքական դաշտում պետք է լինի փոխադարձ հասկացվածությունը գոնե այն բևեռում, որը Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես այս պետության դեմ գործող դերակատարի, և այդ մասով իրենց անելիքները շարունակվելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյությում։

Sputnik Արմենիա