Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից 17 անշարժ գույք բռնագանձել

Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, բռնագանձման պահանջը վերաբերում է 17 անշարժ գույքի, 1 տրանսպորտային միջոցի, 2 իրավաբանական անձանցում մասնակցությանը, 4 մլն 496 հազար դրամին՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։

Բացի այդ, բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև 218 մլն 335 հազար դրամի նկատմամբ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանն ապօրինի գույքի բռնագանձման այս հայցադիմումը վարույթ է ընդունել օգոստոսի 23-ին։

Հուլիսի 24-ին հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Հիշեցնենք՝ 2023թդեկտեմբերին հայտնել էինք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթի հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա արգելանք է կիրառվել։

Պարզվել է, որ նախկին պաշտոնյան օտարման ոչ ենթակա, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք է օտարել, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:

Այնուհետև կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։

Sputnik Արմենիա