Գրիգոր Մինասյան․ Որոշվել է՝ պետք է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ
Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ.–ին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն, ու այստեղ կարծես թե ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն»,- հայտարարեց Մինասյանը։
Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չի քննարկվել։ Միաժամանակ, շեշտեց, որ Սահմանադրության ներածական մասի վերաբերյալ ևս որևէ քննարկում չի եղել։
ՀՀ արդարադատության նախարարը շեշտեց՝ խորհուրդը կազմված է տարբեր մասնագետներից, այդ թվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Խորհրդում որևէ որոշում միանձնյա չի կայացվում։ Յուրաքանչյուր անդամ ունի հավասար ձայնի իրավունք և նաև իրավունք` առաջարկ ներկայացնելու։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 5-ին, որի ժամանակ քննարկվելու է, այսպես ասած, «կայուն մեծամասնության» հոդվածը։ Քանի որ Ազգային ժողովն իրավունք ունի Սահմանադրության որոշ հոդվածներ փոփոխելու, առաջարկ է ներկայացվել չսպասել 2027թ․ հանրաքվեին և որոշ փոփոխություններ հիմա անել։
«Կայուն մեծամասնության հոդվածն է քննարկվելու, որ եթե որևէ քաղաքական ուժ ընտրություններում հավաքում է մեծամասնություն, տրվում են բոնուսներ, որ տվյալ քաղաքական ուժն ունենա 54 տոկոսին համարժեք մանդատներ»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա արվում է 2026թ–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մինասյանն առաջարկեց հարցերն ուղղել խորհրդի անդամներին։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:
Sputnik Արմենիա