Պետությունը կաջակցի կոնյակի սպիրտ արտադրողներին՝ սուբսիդավորում տրամադրելով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում որոշեց 700 մլն դրամ հատկացնել կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցելուց հետո տնտեսավարող սուբյեկտները վճարում են լրացուցիչ 100 դրամ պետական տուրք:

2020-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2023-ի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 300 մլն լիտր։

Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թվականի խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները 2024 թվականի համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի շրջանակում 2024-ին հատկացնել 700 մլն դրամ:

Ծրագրից օգտվող շահառուների պլանավորվող թիվը կազմում է 5, իսկ կոնյակի սպիրտի արտահանման ծավալը՝ 7 մլն լիտր։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։

News.am