Վլադիմիր Գասպարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել` պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրանք պահանջում են, որ դատարանը ճանաչի Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։

«Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։

Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն որոշ հոդվածներով պատժի կրումից ազատվեցին համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:

Sputnik Արմենիա