Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների շրջանակներում ստեղծված Համակարգող հանձնախմբի հերթական նիստը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում են 5 ենթահանձնախմբեր` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները:

Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

1 Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում։

2 Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով։

News.am