ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՄԻԱՅՆ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կրթության ոլորտում իրավիճակը տարեցտարի միայն վատանում է: Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կրթության փորձագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը։ Նա պարզաբանել է, որ խնդիրներից մեկը վերաբերում է դպրոցական դասագրքերին:
«Անցյալ տարի դասագրքերի պակաս կար, ինչը խաթարեց հանրակրթության ոլորտում ամբողջ ուսումնական գործընթացը։ Այս տարի հայտարարվեց նաև, որ մինչև ուսումնական տարվա մեկնարկը 13 դասագիրք չի լինի։ Սա աղետ է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար։ Սա քաոս կստեղծի հանրակրթական համակարգում և բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա։ Կրթության որակի բարձրացման ուղղությամբ գնալու փոխարեն հակառակ գործընթացն է տեղի ունենում:
Դասագրքերի սակավության պատճառն այն է, որ դրանք մշակելու ցանկացողներ չկան, կամ եթե ցանկացողներ են հայտնվում ու դասագրքեր են մշակվում, պատկան մարմինները դրանք չեն ընդունում։ Բացի դրանից, նաև տպագրությանն առնչվող հրատարակչական խնդիր կա, ինչի հետևանքով դասագրքերը ուշ են հասնում դպրոցներ: Այստեղից հարց է առաջանում՝ եթե նման խնդիր կա, ինչո՞ւ են պատասխանատու մարմինները հին դասագրքերը հանում շրջանառությունից»։
Նա հիշեցրեց, որ համաշխարհային պրակտիկայում սովորաբար ընդունված չէ մեկ տարում ամբողջությամբ մշակել, հրատարակել և շրջանառության մեջ դնել դպրոցական դասագրքերը, քանի որ նման փոփոխությունները երկար տարիների աշխատանք են պահանջում։
Մխիթարյանը հորդորեց նկատի ունենալ, որ խնդիրը պայմանավորված է նաև արժեհամակարգի փոփոխությամբ, իսկ դասագրքերը փոխելու շտապողականությունը ամեն ինչ գլխիվայր է շուռ տալիս։
«Սա հանգեցնում է սերունդների միջև անջրպետի, քանի որ ուսուցիչների և սաների արժեքային համակարգերը սկսում են միմյանցից արմատապես տարբերվել: Իսկ դա ապագայում հասարակության բոլոր ոլորտներում կարող է հանգեցնել ցնցումների ու հեղափոխությունների։ Հետևաբար, շատ կարևոր է որոշակի ժառանգորդություն պահպանել։
Նախկինում կարծում էինք՝ սա պաշտոնյաների փորձի և գիտելիքների պակասի արդյունք է, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ սա հստակ ձեռագիր է։ Նման գործունեությունն ուղղված է կրթական համակարգում ազգային արժեքների վերացմանը»,- նշել է փորձագետը։
Նա հայտնեց, որ այսօր Հայաստանում տասը երեխայից մեկը դպրոց չի հաճախում, ինչը վկայում է երկրում անգրագիտության աղետալի մակարդակի մասին։
«Բոլորը գիտեն, որ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերը ցածր են, ավելի ցածր՝ քան ոստիկանները։ Սա նշանակում է, որ հասարակությունը չի ընթանում զարգացած մարդ դաստիարակելու ճանապարհով։
Հայաստանում ուսուցիչների տարեկան աշխատավարձը կազմում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 58%-ը։ Արևելյան Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 150-200%, իսկ Թուրքիայում՝ 361%: Այսինքն՝ այս երկրներում ուսուցիչների կենսամակարդակն ավելի բարձր է, քան ազգային միջինը։
Ինչ-որ պահի խնդիր դրվեց բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, բայց քանի որ բյուջեում այնքան գումար չկա, որ դա հնարավոր լինի անել ամենուր, ներդրվեց ատեստավորման համակարգը, որից հետո ենթադրվում է աշխատավարձի զգալի աճ։
Ընդսմին այս ծրագրով հետաքրքրված է ուսուցիչների 10%-ից ոչ ավելին: Սակայն այս 10%-ից ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել նվազագույն շեմը։
Բացի դրանից, մարդը կարող է լավ իմանալ իր առարկան, բայց երեխաներին դասավանդել չկարողանա: Ավելին, 21-րդ դարում կրթությունը ենթադրում է ոչ միայն գիտելիքների և տեղեկությունների փոխանցում, այլ նաև մեթոդաբանություն, որին անհրաժեշտ է տիրապետել:
Անցյալ տարի դպրոցներից հեռացվել են 1300 ուսուցիչներ, որոնք չունեին բարձրագույն կրթության դիպլոմ, փոխարենն ունեին դասավանդման հսկայական փորձ։ Սա հանգեցրել է նրան, որ Հայաստանի 100-ից ավելի դպրոցներում, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային շրջաններում, ուսուցչի թափուր պաշտոններ կան»,- հայտարարել է Մխիթարյանը։
Նա առաջարկեց սահմանամերձ դպրոցներում արտոնություններ մտցնել ուսուցիչ դառնալ ցանկացող և բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար, պայմանով, որ նրանք վերադառնան այս բնակավայր և որոշ ժամանակ աշխատեն տեղի դպրոցում։
Ըստ փորձագետի՝ բուհեր ընդունելու ներկայիս համակարգը վտանգ է ստեղծում կորցնելու պոտենցիալ լավ ուսանողներին, ովքեր մրցունակ մասնագիտական պահանջի պատճառով առաջին անգամ չեն կարողացել բուհ ընդունվել։
«Պատասխանատու մարմիններին հարց ունեմ՝ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում բուհերում առանձին մասնագիտությունների գծով անվճար տեղեր հատկացնելու վերաբերյալ որոշում ընդունելու համար։ Ամեն ինչ ավելի պարզ է արվում, ընդամենը նախորդ տարիների փորձն են կրկնում։
Ընդ որում, ոչ ոք չի կարող ասել, թե 4-5 տարի հետո այս կամ այն մասնագիտությունների գծով ինչ պահանջարկ կլինի երկրում։ Արտերկրում դա հաշվի է առնվում, և գործատուների պահանջարկը նկատի ունենալով՝ բուհերում որոշակի առարկաներ մտցվում են ուսումնական ծրագիր։ Մեր բուհերում պակասում է այս ճկունությունը»,- ընդգծել է փորձագետը։
Մխիթարյանը նշեց, որ Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը վատը չէ, սակայն միաժամանակ հիշեցրեց, որ ավելի ուշ որոշվել է միավորել իրար հետ կապ չունեն տարբեր բուհեր։
«Հետագայում ստեղծվեց համապատասխան հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդում գեթ մեկ գիտնական չկա, որը կարող էր նպաստել Ակադեմիական քաղաքի կայացմանը»,- եզրափակել է փորձագետը։