ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴՆԹ-ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՀԵՏ, ԴԻՄՈՒՄ ԵՆ ԿԽՄԿ

Մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք համաձայն չեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմել են ԿԽՄԿ՝ նրանց անհետ կորածների ցուցակում ներառելու հայտով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում։

ԿԽՄԿ տվյալներով՝ ներկայում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակներում ներառված են մոտ հազար մարդու անուններ։ Մոտ 700 անհետ կորած կա 90-ականներից, առաջին պատերազմից, ևս 300 հոգի՝ 2020-23թթ. գործողություններից։

Հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե ծնողները համաձայն չեն ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ, չեն ընդունում իրենց որդիների զոհվելը և դիմում են ԿԽՄԿ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ շատ կարևոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչու ընտանիքները չեն ընդունում արդյունքները։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել համապատասխան փորձագիտական մարմինների աշխատանքին, որպեսզի ապագայում նվազագույնի հասցվի նման դեպքերի թիվը։ Խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետևանքներին, նշել է Ամատունին։ Նա հայտնել է, որ ԿԽՄԿ է դիմել մի քանի տասնյակ ընտանիք, որոնք համաձայն չեն ԴՆԹ-անալիզների հետ։

Երևանի և Բաքվի համատեղ աշխատանքի հնարավորության մասին հարցին ի պատասխան Ամատունին հիշեցրել է, որ ԿԽՄԿ-ն չի մասնակցում բանակցություններին, բայց հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, այսինքն՝ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն փորձում է հարցը պահել իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է այսուհետ ևս աջակցել գործընթացին, սակայն կարևոր է երկրի ղեկավարության քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն առաջ ընթանա։

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կան տվյալներ այն մասին, որ անձը գերության մեջ է, բայց Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա, ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ չկա պաշտոնական հաստատում, և ինչ-որ բան պնդելը դժվար է։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին»,- փաստել է Զառա Ամատունին։ Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին անկախ կարգավիճակից։ «Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին»,- նշել է Զառա Ամատունին։

News.am