Բորել․ ԵՄ-ը խիստ անհանգստացած է Վրաստանի իրավիճակով

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրները խիստ անհանգստացած են վրացական իշխանությունների քաղաքականությամբ, որը երկիրը հեռացնում է ԵՄ-ին անդամակցությունից։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում, արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներից հետո արած մեկնաբանություններում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Մենք կարճ քննարկել ենք իրավիճակը Վրաստանում։ Մենք չափազանց շատ և էլ ավելի ենք անհանգստանում այդ երկրի հետագծով, որը հեռանում է Եվրամիությունից»,- ասել է նա։

Բրյուսելը փաստացի սառեցրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման, «Վրացական երազանքի» կառավարության հակաարևմտյան հռետորաբանության և հակադեմոկրատական այլ քայլերի։

Առաջին միջոցների մասին Բորելը հայտարարել է ԵՄ ԱԳՆ ղեկավարների հունիսյան հանդիպումից հետո։ Բրյուսելը որոշել է կրճատել քաղաքական շփումները Վրաստանի իշխանությունների հետ և սկսել է վերանայել ֆինանսական օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Մի փոքր ավելի ուշ հայտնի է դարձել Վրաստանին Եվրոպական խաղաղության ֆոնդի գծով ռազմական օգնության տրամադրման սառեցման մասին՝ 30 մլն եվրոյի չափով։

Այս շաբաթ Բրյուսելը մտահոգություն է հայտնել՝ կապված կառավարող կուսակցության մտադրության հետ գրեթե բոլոր քաղաքական ընդդիմախոսներին օրենքից դուրս հայտարարելու մասին, եթե նա հաղթի խորհրդարանական ընտրություններում։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն Վրաստանի իշխանություններին նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի պատասխան արձագանքի մասին։

News.am