ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿՌՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է արել իր տելեգրամ ալիքում.

«Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր գերիների մասին մտածելիս՝ անզորությունից խեղդվում եմ։ Եվ միշտ մտովի վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ամենամտերիմը հենց նրա հետ եմ եղել։

Իմ հուշերում նա նստած է իր տան բակում, մետաղյա վառարանի կողքին, որի վրա խորովում էր՝ կտրտած կարտոֆիլ, սոխ ու հաց։ Կարմրած աչքերը ծխախոտից կկոցած, նա ուղղում էր իր հին բաճկոնը ու խմում թունդ թեյը։

Մենք հաճախ էինք հանդիպում՝ մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Բայց ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտին նստած պատմություններ պատմելիս, կատակելիս և մտախոհ լռելիս։ Բնական։ Ուժեղ։ Նա չէր պատկերացնում իրենց կյանքը այդ այգուց, տնից, Ստեփանակերտից ու Արցախից հեռու։

Ես պատկերացում չունեմ՝ արդյոք նա տեղյակ է, թե ինչի մեջ ենք մենք ապրում այսօր։ Չգիտեմ, թե ինչպես է վերլուծում բանտում իրեն հասանող տեղեկությունները։

Գիտի՞, որ որ իշխանությունները լռում են իր և մյուս գերիների մասին։

Գիտի՞, որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում իրենց ազատության համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները ջանքեր չեն գործադրում, ԱԳՆ-ն իր հայտարարություններում չի հիշատակում նրանց մասին, իսկ պետության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ուզում (կամ չեն համարձակվում) խոսել նրանց մասին, կարծես նրանք չկան ու չեղ եղել։

Գիտի՞, որ Սփյուռքում՝ Բուրջ Համուդից մինչև Լոս Անջելես նրանց ազատության համար որևէ արժեքավոր միջոցառում չի կազմակերպվում։

Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր՝ պատերազմի և Արցախի պահապանի ճանապարհը հասավ մի հանգրվանի, երբ նա ստիպված եղավ զոհաբերել իր ազատությունը արցախահայության անվտանգ գաղթի համար։

Գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերեվարումը դավաճանական համաձայնության արդյունք է։

Գիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախի քաղաքապետերի հետ վարվում են նույն կերպ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց հետ։

Կարո՞ղ էր երբևէ պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում Արցախի պետականության վերջին խորհրդանիշի՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով «Յաշմա»-ի հատուկ ջոկատայիններն են պղծում Արցախի սրբավայրերը։

Պատկերացնո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է մովետոն։

Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե մինչ օրս դեռ այդպես է մտածում։

Եվ եթե ես նրան ասեի. ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։

Եթե մեր այս երևակայական երկխոսության մեջ նրան ասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ օնլայն ստորագրահավաք չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե վիրտուալ Facebook-ում։

Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա, ժպիտով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ եղել է, բոլորովին կարևոր չէ, թե ինչ է մտածում, առավել ևս ասում նա...

Ես շատ կուզենայի Ստեփանակերտի տան բակի թախտին նստած այս հարցերը տալ վառարանի մոտ ծխող Բակոյին։

Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։

Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել իրենց հայրենիքին և իրենց գործողություններով բացատրել են մեզ անձնազոհություն բառի նշանակությունը։

Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության է մատնել նրանց»:

Panorama.am