Դատարանը Հրայր Թովմասյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 30-ին շարունակվեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՍԴ-ի աշխատակազմից և Ոստիկանությունց ստացել է պարզաբանումները, որ վերջիններս չեն կարողացել դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումը հանձնել Թովմասյանին։ Առաջինի դեպքում Հրայր Թովմասյանը ՍԴ շենքում չի եղել, իսկ երկրորդի դեպքում նրա բնակարանում մարդ չի եղել, որպեսզի ոստիկանները ծանուցումը փոխանցեն։ Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց հարկադրանքի միջոցներ կիրառել Հրայր Թովմասյանին դատարան ներկայացնելու համար։

 


Պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը ծանուցված չէ, հետևաբար չի ներկայացել՝ չբացառելով որ առողջական խնդիրներ ունենա։

Թովմասյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին հիշեցրեց, որ ՍԴ անդամին հարկադրանքի միջոց կիրառելն ավելի ժամանակատար գործընթաց է և նախընտրելի է կրկին ծանուցելը։

Արամ Օրբելյանը նաև առաջարկեց, որ փոստային ծառայությամբ ուղարկել ծանուցումը, որովհետև, եթե այդ դեպքում այն հասցեատերը չի ստանում, ապա փոստային ծառայությունը տեղում ծանուցում է թողնում, որ Թովմասյանը նամակ ունի ստանալու։

«Դատարանը որոշում է Հրայր Թովմասյանին բերման ենթարկել հաջորդ՝ սեպտեմբերի 2-ի ժամը 15։30-ին նշանակված դատական նիստին՝ որոշման կատարումը հանձնարարելով ոստիկանությանը»,-իր որոշումը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Արամ Օրբելյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ և պահանջեց նիստի արձանագրությունները։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար, սակայն վերջին նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց որպեսզի պաշտպանը Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին:

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

News.am