ՏԿԵՆ. ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից էլեկտրաէներգետիկ համակարգում վթարի հետևանքով

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառները ուսումնասիրվում են, և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀԷՑ-ը հայտնել էր, որ 21:54-ին վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։

Sputnik Արմենիա