ՏԿԵՆ․ ՀԱԷԿ-ի կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը

Հայկական ատոմայականի (ՀԱԷԿ) վթարային կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի, սոցցանցում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը հավելելով, որ անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով:

«Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - ընդգծել է Հարությունյանը:

Ավելի վաղ ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատվել է համակարգից, տվյալ պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են։

ՀԷՑ-ն էլ տեղեկացրել էր, որ 21:54-ին վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։

Sputnik Արմենիա