ՆԳՆ-ն տեսախցիկների միջոցով 24 ժամ կհետևի սրճարաններին և այլ տնտեսվարող սուբյեկտներին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների և գազալցակայանների մուտքերին ու ելքերին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին։
Պատճառն այն է, որ «Ոստիկանության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որը հեղինակել են ներքին գործերի նախարարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է, իսկ սեպտեմբերին այն արդեն վերջնական կերպով կընդունվի։
ՆԳՆ պարզաբանմամբ՝ նպատակը հանրային վայրերում հանցագործությունների թվի նվազեցումն է։
Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը լրատվամիջոցի հետ զրույցում շեշտել է՝ նախագիծը հակասահմանադրական է, քանի որ ոչ միայն մարդկանց անձնական կյանքն է խաթարելու, այլ նաև լուրջ հարված է հասցնելու բիզնեսին։
«Բոլորս գիտենք, թե պետական համակարգն այսօր ինչպես է աշխատում, որքան է տեղեկատվական արտահոսք լինում, սա նաև լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանզի չգիտենք, թե տեսախցիկներից ստացված տեղեկությունն ում ձեռքը կընկնի: Սրճարաններում և բիզնես տարածքներում 3-րդ անձինք պետք է հսկեն, թե ով ում հետ հանդիպեց, որքան խոսեց, չի բացառվում, որ այդ տեսախցիկները ձայնագրեն նաև, այսինքն՝ խոսակցությունը ևս լսվի»,–ասել է ԱԺ նախկին պատգամավորը։
Հավելենք, որ ըստ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100 քմ և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում, 50 քմ և ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում:
Sputnik Արմենիա