ՔԿ․ Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի մասնակից 3 անձանց հետ աշխատանքներ են տարվում

«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբի նկարահանումը Արագածի լանջին խանգարելու, այնուհետև խմբի մասնակիցների վրա հարձակվելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ «խուլիգանություն» հոդվածով, հայտնի է, որ մեքենաներից մեկը վնասվել է, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Քննիչները այժմ աշխատում են միջադեպի մասնակից 3 անձանց հետ, ովքեր ենթադրաբար իրականացրել են հարձակումը»,–հայտնեցին քննչական կոմիտեից։

Ավելի վաղ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպիչները հայտարարել էին, որ օգոստոսի 29-ին Արագածի լանջին իրենց համերգ-նկարահանման ժամանակ 3 անձ պարբերաբար իրենց խանգարել են, հանդիսատեսներից մի քանիսը նշված անձանց կարգի են հրավիրել, որից հետո այդ 3 անձինք հեռացել են։

Համերգի տեսագրման ավարտից հետո նրանք վերադարձել են և 3 ավտոմեքենայով, փակել 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան ճանապարհը Գեղաձոր գյուղի մոտ:

Նշված անձինք հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանն է եղել, հարվածներ են հասցրել մյուս մեքենայի վարորդին։

Ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է տրվել: