Սերժ Սարգսյան․ Արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք
Արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և դրա համար առկա են միջազգային մեխանիզմներ, Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը»,-հպայտարարել է նա:
Նա շեշտել է՝ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:
«Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը: Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը։ Ուրանում են:»,-նշված է ուղերձում:
Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում, եզրափակել է ՀՀ երրորդ նախագահը:
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Sputnik Արմենիա