Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 23,6%-ով կրճատվել է

2024 թվականի առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նվազել են 6,1 %-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ զբոսաշրջիկների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի 23,6% կրճատմամբ։

Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք։

«Փոխարենը մենք ունենք զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Թեև մենք հիմա զիջում ենք 2023 թվականի ցուցանիշներին, սակայն դրանք զգալիորեն բարձր են 2019 թվականի ցուցանիշներից»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ` 18 103–ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա հունվար–հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Sputnik Արմենիա