«Հայաքվե»․ Լեռնային Ղարաբաղը զոհաբերեցին թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմտյան երկրների իշխանությունները

Բոլորը զոհաբերեցին Լեռնային Ղարաբաղը, թե՛ թուրքերը, թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմտյան երկրների իշխանությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 2-ին ասել է «Հայաքվե» ընդդիմադիր նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝բոլորը աչք փակեցին էթնիկ զտումների վրա։ Նա ավելացրել է, որ դրանից առաջ մեկ ամիս ԱՄՆ-ը հավաստիացնում էր, որ թույլ չի տա էթնիկ զտումներ։ «Հավանաբար, հաշվարկն այն էր, որ առանց հայերի Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի։ Ոչ, չի լուծվի։ Հարցը կլուծվի միայն հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձից հետո։ Այդ իրավունքի համար պետք է պայքարել։ Սակայն Հայաստանի իշխանությունները անամոթաբար հայտարարեցին, որ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ հակասում է Հայաստանի շահերին։ Դա չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վահանն էր, և երբեք մինչ այդ նրա գոյությունը կասկածի տակ չէր դրվել։ Նա վստահություն է հայտնել, որ ներկա թիմը Հայաստանում իշխանության է եկել հենց Լեռնային Ղարաբաղը հանձնելու նպատակով, սակայն այդ հարցը չի փակվել և նորից հրատապ է, երբ փակվի ներկա իշխանությունների էջը։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի մեխանիզմներ կան, և դրանք իշխանությունների դեմ քաղաքական պայքարի մեջ են՝ ենթադրելով, որ այդ պայքարը, առնվազն, կդանդաղեցնի իրադարձությունների աննպաստ զարգացումը, մասնավորապես սահմանադրական հանրաքվեն և Ադրբեջանին այսպես կոչված անկլավները հանձնելը։

«Հայաստանը ոչ մի երկրի հետ դաշնակցային հարաբերություններ չունի, այդ թվում Ռուսաստանի, Իրանի կամ արևմտյան երկրների։ Այս իրավիճակը նույնպես կփոխվի իշխանափոխությունից հետո։ Ներկայիս վարչակարգը կորցնում է վստահությունը նաև իր կողմնակիցների ներսում, բայց ընդդիմությունն առայժմ չի կարողացել օգտվել դրանից և բարձրացնել իր վարկանիշը։ Դրանով էլ մենք զբաղվում ենք։ Հասարակությունն սպասում է նոր ընդդիմադիր ուժերի, քանի որ դժգոհ է գործող ընդդիմությունից։ Մենք զբաղվում ենք այդ աշխատանքով»,- ամփոփել է Ավետիք Չալաբյանը։

News.am