Այդ հարցը պետք է առաջնահերթ օրակարգ մտնի. Արցախի ՄԻՊ-ը` վերադարձի իրավունքի մասին

Արցախ վերադառնալու իրավունքի հարցը պետք է որպես առաջնահերթություն մտնի քննարկումների օրակարգ։ Արցախի անկախության օրը լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ես չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ։ Վստահ եմ` առանց իրավունքի ինքնորոշման ճանաչման վերադարձն ուղղակի անհնար է, հակառակ դեպքում մենք 5-6 օրում դատարկված Արցախ չէինք ունենա։ Այս պահին որպես առաջնահերթություն հռչակում ենք այս թեման օրակարգ մտցնելը, հետագայում էլ սեղանի շուրջ կքննարկենք բոլոր այն տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ի հայտ գալ»,– ասաց Ստեփանյանը։

Նա ընդգծեց` եթե վերադարձի իրավունքը ինքնորոշման իրավունքի հետ փոխկապակցելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ պետական շահի դեմ արտահայտություն է, ապա դա նրա ընկալումն է։ Ըստ Ստեփանյանի` ՀՀ իշխանությունների նման քաղաքականությունը նշաձողի իջեցման խոսույթի շարունակությունն է։

Sputnik Արմենիա