Բագրատ սրբազան․ Փաշինյանն ուզում է գոյություն չունեցող խաղաղությունը ծախել ժողովրդի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահպանելու համար ցանկանում է հայ ժողովրդի վրա ծախել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող խաղաղությունը։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցված 13 կետերը ստորագրել որպես խաղաղության պայմանագիր:
«Մենք չգիտենք` դա ինչ փաստաթուղթ է, ինչ կետեր է ներառում: Սա նշանակում է ամեն գնով ձգտել խաղաղություն մուրալ, ինչ-որ բան ստորագրել և առաջին հերթին ծախել սեփական ժողովրդի վրա, որ ես խաղաղություն եմ բերել, որը գոյություն չունի: Երկրորդ` ինչ-որ կերպով խուսափել այն պարտավորություններից, հարկադրանքներից, որոնք իր առջև դրված են: Սա իր սեփական կաշին ու իշխանությունը պահելու քաղաքականություն է»,- ասաց Բագրատ սրբազանը:
Հիշեցնենք` Փաշինյանը օգոստոսի 31-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին առաջարկ է ներկայացրել։ Նա նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 13-ը լիարժեք համաձայնեցված են, այդ թվում` նախաբանը։ Հայաստանն առաջարկել է վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, իսկ ընթացքում համաձայնեցնել մյուս կետերը։
Sputnik Արմենիա