Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉՊԱՏԱՀԻ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը օկուպացված Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Տելեգրամի իր էջում ուղերձ է հրպարակել, որում նշում է՝ աղոթում է Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի։

«Հարգելի Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ կերպ ասած՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԼՂՀ պաշտոնական տոնի՝ Անկախության տոնի նախօրեին, որը նախորդ տարիներին նշվում էր սեպտեմբերի 2-ին, պարտքս համարեցի իմ ցավակցությունը հայտնել ձեզ, ովքեր, ցավոք, կորցրեցին հայրենիքը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 2020-2023 թվականներին, ովքեր թողեցին այն հողերը, որոնց վրա ապրել և իրենց կյանքն են անցկացրել, ծնվել են նրանց նախնիները, երեխաները։

Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ կասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքն ու ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօր ստեղծված իրավիճակում։

Ես հիմա չեմ ուզում ամեն ինչ կրճատել քաղաքական խնդիրների մասին խոսակցության մեջ և մեղավորներ անվանել, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այսպիսի պահին ռուս ժողովուրդը, եթե իսկապես ռուս է, չի կարող չզգալ այն կարեկցանքի և օգնելու ցանկության զգացումները, որոնց մասին ես խոսեցի մեր համակրոնների, հայերի առնչությամբ, ովքեր թողեցին իրենց տները, իրենց հարազատ վայրերը, իրենց եկեղեցիները, իրենց վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված եղան փախստական ​​դառնալ։ Այս մոխիրը միշտ նստած կլինի ձեր սրտին»,-գրել է Զատուլինը։

«Համոզված եմ, որ ձեզանից նրանք, ովքեր դեռ ապրում են Լեռնային Ղարաբաղում, մտածում են այս մասին ամեն օր, օրը 24 ժամ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ առաջին հերթին խաղաղություն մաղթել՝ բուժելու ձեր բոլոր վերքերը, լուծելու ձեր առջև ծառացած բոլոր կյանքի խնդիրները: Ես իսկապես հուսով եմ, որ Ռուսաստանում նման հոգատար մարդիկ, ովքեր նույնպես այսօր ծանր ժամանակներ են ապրում, երբ մեր տարածքում, Կուրսկի շրջանում թշնամի կա, որը քանդում է մեր գյուղերը, նվաստացնում մեր քաղաքացիներին։ Ինչ էլ որ լինի, մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք այն մարդկանց հանդեպ, ովքեր տուժել են, թեկուզ և հեռու Ռուսաստանի ներկայիս տարածքից՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Այդպես է եղել միշտ, այսպես է եղել հարյուրավոր տարիներ միասին ապրած մեծ դժբախտությունների ժամանակ։

Վստահ եմ, որ չնայած ցանկացած քաղաքական կամ այլ կոնյունկտուրային, այս զգացմունքները կշարունակեն մեզ հույս ներշնչել ապագայի հանդեպ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, խաղաղ երկինք, առողջություն, ձեր երեխաներին, ովքեր, հուսով եմ, սեպտեմբերի 2-ին դպրոց կգնան, հաջողություններ ուսման մեջ»,-գրել է Զատուլինը։

Lurer.com