Արցախի ԱԺ նախկին նախագահ. Հայաստանն Արցախը կորցնելուց հետո շատ ավելի խոցելի է դարձել

Արցախի կորստից հետո սպառնալիքի տակ են հայտնվել Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը և Հայաստանի այլ տարածքներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա նշել է, որ Հայաստանը դարձել է շատ ավելի խոցելի, չկա ռազմավարական խորք ռազմական տեսակետից, ինչպես նաև բանակցային գործընթացի տեսակետից։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն առանց Արցախի և Արցախով երկու տարբեր գործոններ են տարածաշրջանում։

Ղուլյանը նոնսենս է անվանել այն, որ մարդու իրավունքների պաշտպանության դարաշրջանում բոլորի աչքի առջև 150 հազարանոց բնակչությունը, որը պետական կազմավորում ուներ, բռնի տեղահանվեց իր հայրենիքից։

Անցած տարիների հաջողության գաղտնիքը նա անվանել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի նպատակաուղղվածությունն ու միասնականությունը։

Նա վստահություն է հայտնել, որ այս գործոնների բացակայությունն էլ դարձել է ներկա օրերի ողբերգության պատճառը։

«Բացի այդ, աստիճանաբար քարոզչություն է վարվել այն մասին, որ կան ավելի բարձր արժեքներ, քան ազատագրական պայքարը։ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի և փորձագիտական հանրույթի այսօրվա անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ թույլ չտրվի այն սխալների կրկնությունը, որոնք Հայաստանում թույլ են տրվել Արցախի հարցում»,- ավելացրել է քաղաքական գործիչը։

Ղուլյանը նշել է, որ հայերի Արցախ վերադարձի մասին ամենուրեք խոսում են, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում, Եվրոպայում, բայց չգիտես ինչու նույնը չեն անում Հայաստանի իշխանությունները։

«Արտաքին խաղացողներին ևս զարմացնում է այն, որ Հայաստանը պետական մակարդակով չի գլխավորում հայերի Արցախ վերադարձի հանրային գաղափարը, չէ՞ որ այդ քաղաքականությունը կուժեղացներ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը։ Մենք չպետք է հանձնենք մեր սուբյեկտայնությունը, իսկ սուբյեկտայնությունը կապված է այն բանի հետ, թե ով է ընդունում այս կամ այն որոշումները և ում օրակարգին են դրանք համապատասխանում»,- ամփոփել է նա։