Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Ադրբեջանի երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» և «Մուսավաթը», հայտարարել են, որ չեն ճանաչում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺԱՄԽ) դիմել է միջազգային հանրությանը` չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հենց սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նշանակումը հակասահմանադրական էր, քանի որ Սահմանադրության 98.1-րդ հոդվածում հստակ նշված է, թե ինչ դեպքերում կարող են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Սակայն արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ նախատեսված պայմաններից ոչ մեկը չկատարվեց։
«COP-29-ը կամ որևէ այլ միջազգային իրադարձություն չի կարող հիմք դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, ոչ էլ նախագահը կարող է ցանկացած պահի գերազանցել իր լիազորությունները և ընտրություններ նշանակել»,- ասվում է հայտարարության մեջ։
Մյուս կողմից՝ ընտրություններն անցկացվեցին արդար քաղաքական մրցակցության պայմանների բացակայության պայմաններում։
Ինչպես նաև, ընտրական օրենսդրությունը, որը հարմարեցված է իշխող ռեժիմի շահերին, փոխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։
Կուսակցության հայտարարության համաձայն՝ իշխանությունները թույլ չեն տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ընթացքում և արգելել են վեհաժողովի 76 անդամների մուտքն Ադրբեջան։
Իր հերթին, «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ և արդար քաղաքական մրցակցության ժողովրդավարական միջավայրի, բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների, խոսքի, լրատվամիջոցների, արտահայտվելու բացակայության, հանդիպումների ազատության սահմանափակման, Սոցցանցերում լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանությունների քննադատների նկատմամբ ճնշումների և ռեպրեսիաների պայմաններում, ասվում է փաստաթղթում։
«Մուսավաթ»-ի ներկայացուցիչների և անկախ դիտորդների կարծիքով՝ ընտրություններին մասնակցությունը չափազանց ցածր է եղել։ Որոշ ընտրատեղամասերում ժամեր շարունակ ընտրողներ ընդհանրապես չեն եղել։
Քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային խախտումներով, նույն անհատների ու խմբերի կողմից բազմակի քվեարկություններով, քվեաթերթիկների լցոնումներով, դիտորդների նկատմամբ ճնշումներով։
Այդ խախտումներն արձանագրվել են, և այդ փաստերի տեսագրությունները տարածվել են համացանցում։
Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են վերևից թելադրված տվյալների հիման վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Մուսավաթ»-ը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ին Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։
News.am