«Միասին» շարժում․ Արցախցիների իրավունքների համար պայքարը բարդ փուլ է թևակոխում

Համայն հայությունը պահանջում է միջազգային պատկան կառույցներից, մարդու և ազգերի իրավունքների ջատագով պետություններից, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՄՔԴ, հետևողական ջանքեր գործադրել՝ ստիպելով Ադրբեջանին ենթարկվել միջազգային իրավունքին և վերականգնել Արցախի հայության՝ ուժի գործադրմամբ խախտված հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհուրդը։

Հայտարարության մեջ ասվում է, որ 33 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, որն ինքնավար կազմավորումներին իրավունք էր տալիս դուրս գալ այն հանրապետության կազմից, որը լքում էր ԽՍՀՄ-ը։

1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն մասնակցածների 99,89%-ը «այո» ասաց անկախությանը։ Արցախն իր անկախությունը հռչակեց գործող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Չնայած Ադրբեջանն ի սկզբանե ռազմական ուժով և էթնիկ զտումներով էր որոշել «լուծել» արցախահայության ինքնորոշման և իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ապա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ահաբեկչական ռազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքը լիովին բռնազավթվեց, դարձավ էթնիկ զտման զոհ և հայաթափվեց։ Ադրբեջանը անազատության մեջ է պահում և խոշտանգում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և պատանդ դարձած տասնյակ հայերի։ Արցախում հետևողականորեն ջնջում են հայկական հետքը՝ մշակութային պատմական ժառանգությունը, ենթակառուցվածքները, բնակելի տները, հայերի ստեղծած միլիարդների արժեք ունեցող նյութական-արտադրական կառույցները»,– ասված է շարժման հաղորդագրությունում։

«Միասին» շարժումը համոզված է, որ արցախցիների իրավունքների համար պայքարը նոր բարդ փուլ է թևակոխում, և հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում՝ Հայաստանից մինչև Սփյուռք, պետք է հետևողական և համակարգված պայքար մղի միջազգային հանրության աջակցությամբ:

Sputnik Արմենիա