Էլեկտրոնային հարթակներին միացած 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում

GG, Yandex, Utaxi և այլ էլեկտրոնային հարթակներից ստացված պատվերներով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում. վերջին տվյալով՝ տրամադրվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային կտրոն՝ 192 մլն դրամ արժեքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար Լուսինե Այվազյանը՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 1–ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների վերաբերյալ:

Սեպտեմբերի 1–ից տաքսի ծառայությունների ոլորտում գործում են նոր կարգավորումներ: Տաքսի ծառայության ոլորտում գործունեություն իրականացնողները տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ:

Էլեկտրոնային հարթակների միջոցով գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիները հաշվառվում են հարկային մարմնում՝ հարթակի միջոցով պարզեցված ընթացակարգով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու:

«Այս պահի դրությամբ արդեն իսկ 20 հազար քաղաքացի գրանցվել է հարկային մարմնում առանց որևէ դիմում ներկայացնելու: Նույն հարթակների միջոցով, եթե գործունեություն է իրականացնում օտարերկրյա քաղաքացին, պետք է ներկայացնի առցանց դիմում կամ այցելի հարկային մարմին»,–ասաց Այվազյանը:

Այս պահի դրությամբ հարթակներն արդեն միացած են ՊԵԿ համակարգին:

«Այս պահի դրությամբ 10 հազար վարորդի կողմից իրականացվել է տաքսի ծառայության մատուցում՝ ընդհանուր արժեքը 192 մլն, 150 հազար կտրոն է տպագրվել արդեն»,–հավելեց Այվազյանը:

Ինչ վերաբերում է անհատ վարորդներին, ապա նրանց համար ՊԵԿ–ը մշակել է հավելված: Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգի համար: Հավելվածից օգտվելու համար ՀՀ քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիները պետք է ունենան MID նույնականացնում: «Անձը, MID նույնականացնում ունենալով և մուտք գործելով համակարգ, առցանց եղանակով առանց որևէ դիմում ներկայացնելու կարող է հաշվառվել հարկային մարմնում»,–նշեց նա:

Այս պահին հավելվածները պատրաստ են, iOS–ի համար հաստատումը տրված է, Apple Store-ում այն արդեն հասանելի է, կարելի է ներբեռնել հավելվածը, իսկ Android–ի համար դեռ սպասում են հաստատման:

Հավելվածը կոչվում է My tax, ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով:

Ինչ վերաբերում է տաքսի սերվիսներին, ապա նրանք նույնպես պետք է գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ: Այս կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան իրենց էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն կտա գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և ուղարկել ՊԵԿ: «ՊԵԿ ուղարկելու գործընթացն իրականացվում է ՊԵԿ–ի հետ միացած վեբ սերվիսի միջոցով»,–նշեց Այվազյանը: