Կիրո Մանոյան. Սփյուռքում Փաշինյանից դժգոհությունը շատ է մեծացել
Հիմնական խնդիրը արցախցիների Արցախ վերադառնալու գծով հարցը միջազգային օրակարգում պահելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այնպես չէ, որ դա օրակարգում չկա, օրակարգում է, բայց նաև հաշվի առնելով հատկապես ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը, կարող է այդ օրակարգից դուրս մնալ: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ մնա միջազգային համայնքի օրակարգում:
Այստեղ կարևոր անելիք ունեն Արցախի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը և Սփյուռքն իր տարբեր կառույցներով, որն էլ անում է»,-ասաց նա:
Մանոյանի խոսքով, ՀՀ իշխանություններն են հիմնական պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք:
Հարցին՝ ինչպե՞ս են ընդունում Նիկոլ Փաշինյանին Սփյուռքում, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Ասել, որ ամբողջ Սփյուռքը մեկ կարծիք ունի, այդպես չէ, բայց դժգոհությունը շատ է մեծացել: Նույնիսկ շրջանակներ, որոնք 6 տարի առաջ փոփոխություններից գոհ էին, ակնկալիքներ, հույսեր ունեին, հիմա նույնիսկ նրանցից շատերը հասկացել են, որ դա խաբկանք է: Այս իշխանությունները եկել են հստակ առաքելությամբ, հստակ ծրագրով, և դա քայլ առ քայլ կատարում են: Հիմնականում Արցախը կորցնել, Հայաստանը դարձնել ոչ հայկական ինչ-որ մի պետություն: Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն և ինչ-որ իմաստով նույնիսկ ՀՀ-ից երես թեքում»:
News.am