Դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի՞ մասնավոր ընկերությանը. ԱԳՆ-ի պատասխանը
ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:
«Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը:
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու: