Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵ՛Ր, ԴՈՒՔ ՉԵ՛Ք ՊԱՐՏՎԵԼ, ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱՆՎԵ՛Լ ԵՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեզ համար դժվար է այսօր նշել և արժևորել Արցախի հանրապետության օրը, երբ Արցախը հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի բանտերում։ Բայց մենք պետք է արժևորենք այս օրը, որովհետև մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Վերադարձ» միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ դիմում եմ արցախցիներին։ Սիրելի՛ արցախահայեր, այսօր թշնամական քարոզչությունը թիրախավորել է ձեզ, ցավոք, նաև Մայր հայրենիքում։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել ձեր՝ չպայքարելու և զենքը վայր դնելու արդյունք։

Շատ հստակ ուզում եմ ասել, դուք չե՛ք պարտվել, դուք դավաճանվե՛լ եք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը հանձնվե՛լ է։ Արցախը հանձնվել է Ադրբեջանի մաս ճանաչելով, մնալով մենակ, Արցախը հանձնվել է Փաշինյան-Ալիև-Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ։

Արցախցին երեք պատերազմներում կռված, քաջության անպատկերացնելի օրինակներ դրսևորած ժողովուրդ է։ Դուք մեր հայրենիքի սահմանները սեփական արյամբ գծած ժողովուրդ եք։ Դուք ժողովուրդ եք, որի ամեն ընտանիք զոհ և զինվոր ունի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր շատ անկեղծ զրույցի կարիք ունենք։ Մենք պարտավոր ենք հասկանալ մեր այս ծանր կացության պատճառները, գտնենք վերականգման ուղիները։

Այսօր է պահը վերաիմաստավորելու մեր մոտեցումները, մեր ուղենիշերը սահմանելու ինքներս մեզ համար և՛ անձնական, և՛ ազգային մակարդակներում, քանզի ոչ թե աղետների քանակը կամ մասշտաբը, այլ դրանցից հետո ոտքի կանգնելու ունակությունն է որոշում ազգերի ճակատագիրը։ Այսօր հայկական աշխարհում բախվում են երկու արժեհամակարգեր՝ հայակենտրոն ու օտարահպատակ։

Այսօր մեզ անընդհատ ասում են, թե ցանկանում են խաղաղություն բերել, բայց սրանց բերածը նոր պատերազմ է՝ ամեն անգամ ավելի մոտ մեր տներին։ Եվ ցանկացած ուժ, որն ընդդիմանում է կապիտուլյացիային՝ հայտարարվում է ռազմատենչ։

Այսօր մեր պետությունը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները։ Նույնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ։ Եվ ամեն օր վախի նոր չափաբաժին է ներարկվում հանրությանը, որպեսզի կապիտուլյացիային ընդդիմացողները հայտարարվեն արկածախնդիրներ, իսկ կապիտուլյացիան ներկայացվի միակ ու անխուսափելի ելք։

Իրականում, սակայն, Հայրենիքի համար անզիջում պայքարը, այդ ճանապարհին զոհողությունները երկիրը ոչ միայն փորձությունների և արկածախնդրության տանել չէ, այլ ստեղծված իրավիճակից միակ ելքն է»,- ընդգծեց նա:

News.am