ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

Անկախ քաղաքացու՝ գործող իշխանությունների նկատմամբ վերբերմունքից, պետությունը պարտավոր է զբաղվել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

 

- Տիկին Սահակյան, վերջին ասուլիսին վարչապետը նշեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում Բաքվում պահվող գերիների ու պատանդների ազատ արձակման ուղղությամբ, չնայած հաջորդ՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես հակասեց ինքն իրեն: Չնայած նրա նշած ամենօրյա աշխատանքին, որևէ առաջընթաց, այդուամենայնիվ, այս հարցում չի նկատվում:

- Տպավորություն է, թե պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ իրավական լծակ չունի ազդելու Ադրբեջանի վրա, որն ապօրինի պահում է մեր հայրենակիցներին, որոնց մի մասը ՀՀ քաղաքացիներ են, ինչպես Ռուբեն Վարդանյանը, մյուսներն էլ էթնիկ հայեր, ինչպես բնորոշում են իշխանությունների ներկայացուցիչները: Արդյո՞ք պետությունն իսկապես այդքան անզոր է:

- Եկեք պարզապես թվարկենք այն գործիքակազմը, որ պետությունը, ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի, կարող է ձեռնարկել այլ երկրում ձերբակալված իր քաղաքացիներին ազատ արձակման համար:

- Առաջինն ու ամենակարևորը՝ նրանց ազատ արձակման վերաբերյալ արդյունավետ բանակցությունների վարումն է: Դա պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլ ոչ թե շնորհ պետության կողմից: Անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանը կամ մեկ ուրիշ ՀՀ քաղաքացի ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, պետությունը պարտավոր է զբաղվել ապօրինի կալանավորված իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Եվ եթե պետությունը չի իրացնում իր այդ պոզիտիվ իրավունքը, դա նշանակում է ձախողում է իր կարևոր գործառույթներից մեկը: Ուզում եմ հուսալ, որ վարչապետի նշած ամենօրյա աշխատանքը հենց այս գործառույթի իրականացմանն է վերաբերում:

Մյուս կարևոր կետը՝ ձերբակալված անձանց ամեն կերպ հյուպատոսական ծառայության հասանելիության ապահովումն է: Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, կառավարությունը կարող է լիազորել երրորդ երկրի իր անունից հյուպատոսական ծառայություն մատուցելու իր կալանավորված քաղաքացիներին: Եվ այդ երրորդ երկիրը կարող է ներկայացուցիչ կամ անգամ իր դեսպանին ուղարկել՝ ծանոթանալու բանտարկյալների պահման պայմաններին, փոխանցել նամակներ, ծանրոցներ, գրքեր:

Կառավարությունը իրավասու է նաև մասնավոր դիվանագիտական խողովակների կամ նորից երրորդ երկրի միջոցով բանտարկյալներին պահող երկրին իր մտահոգությունները հայտնել նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասով:

Եթե դիվանագիտական ջանքերն օգուտ չեն տալիս, կառավարությունը կարող է հրապարակավ իր ձայնը բարձրացնել, դատապարտել իր քաղաքացիների ապօրինի կալանքը, հայտարարություններ անել նրանց անհապաղ ազատ արձակման մասով, խնդրի վրա հրավիրել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը, դիմել միջազգային իրավասու ատյաններին ու կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի:

Ահա սրանք այն հիմնական քայլերն են, որոնք պարտավոր է ձեռնարկել յուրաքանչյուր պետություն, եթե իր քաղաքացիներն ապօրինի պահվում են մեկ այլ երկրի կողմից: Ինչպես տեսնում եք նշված քայլերը լրիվ ծավալով չեն իրականացվել:

- Դուք ասացիք՝ «իր քաղաքացիների», բայց իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես ՄԻՊ-ը, գերիների վերաբերյալ իր ձևակերպումներում տարբերակում է՝ «էթնիկ հայեր և ՀՀ քաղաքացիներ»: Արդյոք Ձեր նշած գործիքակազմերը կիրառելի են բոլոր 23 բանտարկյալների դեպքում, որոնց մի մասը, օրինակ, Արցախի նախկին նախագահները, ստացվում է, ոչ թե ՀՀ քաղաքացիներ են, այլ էթնիկ հայեր:

- Այո, նշած գործիքակազմը կիրառելի է բոլոր 23 հայերի նկատմամբ, անկախ այլ հանգամանքներից: Հայաստանի Հանարապետության՝ մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունները բոլոր հայերի հանդեպ են և նրանց երկքաղաքացի լինելը գործոն չէ:

News.am