2900-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված ստացել է ՀՀ քաղաքացիություն

Օգոստոսի 30–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4 300–ից ավելի անձ դիմում է ներկայացրել` ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ 4300–ից 2900–ից մի փոքր ավելիին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում»,– ընդգծեց Ղազարյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ քաղաքացիության շնորհման համար ստանդարտներով սահմանված է 90 աշխատանքային օրը` մոտ 4 ամիսը, ԼՂ–ից բռնի տեղահանվածների դեպքում չի գործում. նրանց համար սահմանվել է դյուրացված և հնարավորինս արագացված ընթացակարգ, և քաղաքացիության շնորհման գործընթացը տևում է միջինում երկու ամիս։

Ղազարյանի խոսքով` եթե մյուս փախստականների կամ օտարերկրացիների դեպքում քաղաքացիություն ստանալու դիմումները ընդունվում են կենտրոնացված և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակում, ապա ԼՂ–ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները։

Sputnik Արմենիա