Amnesty International-ը Բաքվին կոչ է արել ազատ արձակել հայերի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող Սամեդովին
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, ով ձերբակալվել էր օգոստոսի 21-ին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներ գրելու համար դավաճանության մեղադրանքով։ Նրան մեղադրել են նաև հայ ակտիվիստների հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Լրագրողների և ակտիվիստների հալածանքները ոչ այլ ինչ են, քան այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ խաղաղության կողմնակից են»,- հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ նույն մեղադրանքով կալանքի տակ է շարունակում մնալ թալիշական փոքրամասնության իրավունքների պաշտպան Իգբալ Աբիլովը, ով նույնպես մեղադրվում է «դավաճանության» մեջ։ Amnesty International-ը նշել է, որ Սամեդովի ընկեր Սամեդ Շիհին օգոստոսի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հաստատելով ակտիվիստի կապը Հայաստանի քաղաքացիների հետ, ինչը ընկալվել է որպես նրա դեմ ցուցմունք տալ։ Այնուամենայնիվ, Շիհիի որոշ ընկերներ կարծում են, որ նա կարող էր դա գրել ճնշման տակ։
Լրագրողների և ակտիվիստների վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկշաբաթյա քարոզարշավի ընթացքում, նշել է Նոզաձեն։
«Միջազգային հանրությունը պետք է դա խստորեն դատապարտի: Անցած երկու շաբաթվա ընթացքում՝ քարոզարշավի ժամանակ, կեղծ մեղադրանքներով կալանավորվել է երկու հայտնի հասարակական գործիչ, մյուսները ենթարկվել են սպառնալիքների և ոտնձգությունների»,- հավելել է նա։
2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Washington Post-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել էր անկախ լրատվամիջոցներին ճնշելու մեջ, որոնք բացահայտել են երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը։ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԵՄ-ն Բաքվին մեղադրել էր անկախ լրագրողներին և քաղաքական ակտիվիստներին կամայականորեն կալանավորելու մեջ և կոչ էր արել ազատ արձակել բանտարկված ընդդիմադիրներին։
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանն ստացել էր 9 միավոր 100-ից, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցում՝ 1.07 միավոր 7-ից: Կազմակերպությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։
Armenia Today