Նոր կարգավորման արդյունքում տաքսիները գներն կտրուկ աճել են

Սեպտեմբերի 1-ից օուժի մեջ մտած կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, կտրուկ բարձրացրել է տաքսու գները:

Բազմաթիվ քաղաքացիներից NEWS.am-ն ահազանգեր է ստանում, որ երեկվանից տաքսու գները կտրուկ բարձրացել են, առվոտյան և երեկոյան ժամերին մինիմալը հիմնականում տատանվում է 1800–2000 դրամի սահմաններում, այսինքն մարդիկ ամեն պատվերի մեջ մոտավոր 1000 դրամ ավելի են վճարում:

Մյուս կողմից թեև կարգավորումն արդեն մտել է ուժի մեջ, սակայն դրանից կարող են օգտվել միայն iPhone ունեցող անհատ վարորդները, իսկ այլ սմարթֆոն ունեցողների համար հավելվածը դեռևս անհասանելի է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից օուժի մեջ մտած կարգավորումը, ըստ որի, ՀՀ տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

Նախօրեին ՊԵԿ-ը հայտնել էր, որ անհատ վարորդների համար ՊԵԿ–ը մշակել է հավելված: Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգի համար: Հավելվածից օգտվելու համար քաղաքացիները պետք է ունենան MID նույնականացնում: Անձը, MID նույնականացնում ունենալով և մուտք գործելով համակարգ, առցանց եղանակով առանց որևէ դիմում ներկայացնելու կարող է հաշվառվել հարկային մարմնում:

Այս պահին հավելվածները պատրաստ են, iOS–ի համար հաստատումը տրված է, Apple Store-ում այն արդեն հասանելի է, կարելի է ներբեռնել հավելվածը, իսկ Android–ի համար դեռ սպասում են հաստատման: Հավելվածը կոչվում է My tax, ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով: