«Բազմոցին նստել և ստատուսները գրելը ամենահեշտ գործն է». Առուշ Առուշանյանն՝ իրեն քննադատողներին
Ես ասել եմ, որ պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունեմ, իմ ասածի լոգիկան պարզ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Եթե, պայմանական, «իքս» սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է սուբյեկտը վա՞տն է։ Երկրորդը, ես այդ մարդկանցից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ ու դրանք եմ պաշտպանում, հետևաբար Պրոբացիայի ծառայության հետ կապված որևէ ավել կամ պակաս բառ ասելու ոչ կարիք կա, ոչ էլ անհրաժեշտություն: Մենք պետականամետ մարդիկ ենք, կարող ենք անձին սիրել կամ չսիրել, բայց սուբյեկտը չսիրելը նույնն է, որ ասես՝ ես Գորիսի քաղաքապետին չեմ սիրում, ուրեմն Գորիսի քաղաքապետարանը չեմ սիրում», -ասաց Առուշանյանը։
Դիտարկմանը, որ իր աջակիցների կարծիքով կատարվողը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունն ուզում է հողեր հանձնել, մինչդեռ Առուշանյանը խանգարող հանգամանք է, նա կոչ արեց իր աջակիցներին հուզական ֆոնը մեջ չմտնել. «Ես սա չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում»:
Ինչ վերաբերում է նրան, որ իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են, այդ թվում՝ նաև իր նախկին ընկերները, Առուշանյանն արձագանքեց. «Ես նախկին, ներկա ընկերներ չունեմ, ես ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ։ Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Տունը բազմոցին նստել և ստատուսներ գրելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, այլ իրականությունը կտեսնեն»։
Հիշեցնենք, օրեր առաջ Գորիսի քաղաքապետը հայտարարել էր, թե իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, և որ ինքը մեծագույն հարգանք ունի պետական կառույցների նկատմամբ։
News.am