ԵՄ-ը հայտարարել է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում լուրջ խախտումների մասին
Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուրջ խախտումներին առնչվող փաստերը։
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության՝ ընտրություններն Ադրբեջանում ընթացել են կոշտ քաղաքական և իրավական միջավայրում, որը հնարավորություն չի տվել իրական բազմակարծություն ապահովելու և հանգեցրել է մրցակցության բացակայության:
Նշվում է, որ թեև քվեարկության գործընթացը կազմակերպված էր և, ընդհանուր առմամբ, արդյունավետ էր, սակայն լուրջ խախտումներ և բացթողումներ են արձանագրվել, մասնավորապես ձայների հաշվման ժամանակ, ինչը հարցեր էր առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը միաժամանակ նշել է, որ ընտրություններն անցկացվել են այլախոհության շարունակվող ճնշումների պայմաններում։
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հաշվի առնել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» և «Մուսավաթ» կուսակցությունները շեշտել էին այդ գործընթացի հակասահմանադրականությունը և հանդես էին եկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու կոչով։
News.am