Տիգրան Թորոսյան․ Ալիևը մինչև հիմա վախենում է
Պետք չի մեղադրել ոչ մեկին, պետք է նայել փաստերը, որոնք ինքնին խոսուն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, թե ում պետք է մեղադրել Արցախի կորստի համար:
«Երբ 2018-ին հայտարարվեց, որ ես սկսում եմ զրոյական կետից, այսինքն այդ մարդը ջնջեց առնվազն 25 տարվա բանակցային գործընթաց, որտեղ միջնորդներ կային, աշխարհի ամենաազդեցիկ 5 երկրենրից երեքը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Մեկը, որ ոչ մի բան չի արել, եկավ ու զրոյացրեց այդ երկրների արած աշխատանքը:
Ընդհանրապես, երբ իշխանափոխություն է տեղի ունենում, ընդունված է մեկ տարի սպասել, իսկ այդ ընթացում ինչ ասես՝ ասվեց: Էլ, որ միջնորդեները թող գան մեզ բացատրեն, թե ինչ է ինքնորոշումը, ինչ է տարածքային ամբողջականությունը: Միջնորդները ոչ մի տեղ դայակի դեր չունեն և ոչ մեկին ոչինչ չեն բացատրում: Ամեն մեկը պարտավոր է ինքը պատրաստվել, իր մասնագետներով գնալ, մասնակցել գործընթացին: Աղավաղումները խայտառակ բաներ էին՝ Շուշիի մասին, ինքնորոշման մասին: Այս պարագայում անիմաստ է որևէ մեկի մասին որևէ բան ասել:
Մարդիկ շատ լավ տեսել են, լսել են: Իմաստ չունի որևէ մեկին որևէ բան բացատրել»,-ասաց նա:
Անդրադառնալով Ալիևի պահանջին՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Դա նշանակում է, որ Ալիևը մինչև հիմա վախենում է, որ մի օր շրջադարձ տեղի կունենա և նորից ամեն ինչ կվերադառնա այն ժամանակները, երբ 16 տարի շարունակ միջնորդներն ասում էին, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է խնդիրը լուծվի և բոլոր միջազգային կազմակերպությունները դա կրկնում էին: Իրեն մնում էր միայն դժգոհել, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են, որ Արցախը ճանաչի»:
Տիգրան Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցը փակ չէ և երբեք չի կարող փակ լինել, քանի դեռ Արցախը անկախ չէ: