Փոխարտգործնախարար․ Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի ու ԱՊՀ-ի գագաթնաժողովներին

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այո, մասնակցելու է»,- հարցին ի պատասխան ասաց նա։

Նա հավելեց, որ Հայաստանը մասնակցելու է նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, բայց թե ինչ ձևաչափով է լինելու այդ մասնակցությունը` նա չնշեց։

ԲՐԻԿՍ-ի մասշտաբային գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ դրան հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին է հրավիրել նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանին։

ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:

Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։

Sputnik Արմենիա