«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»․ ՀԷՑ-ը՝ մեղադրանքների մասին

ՀԷՑ-ը քաղաքականությունից դուրս կառույց է եղել, կա և կմնա։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Մասնավորապես, մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչ կարծիք կա այն զրույցների մասին, թե ՀԷՑ-ին ուղղված մեղադրանքները հիմա շատ են, և ասում են՝ ուղղորդված են իշխանությունների կողմից՝ սեփականատերերի ձեռքից, այսպես ասած, ՀԷՑ-ը վերցնելու համար։

Դարբինյանը բացառեց այդ վարկածը՝ նշելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։

«Մենք քաղաքականությունից դուրս ենք, կատարում ենք մեր պարտականություններն ու աշխատանքները»,- ասաց Կարեն Դարբինյանը։

Նշենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, թե վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի, գազամատակարարման անջատումները, ջրերի և կոյուղաջրերի կառավարումն էլ լուրջ խնդիր է, նշեց, որ ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» հետ կապված ՀՀ կառավարության մոտեցումը գիլյոտինային չէ։ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված բոլոր խնդիրները ՀՀ կառավարությանը լրջորեն մտահոգում են, ու դրանք գործադիր իշխանության առաջանահերթություններն են։

Ըստ նրա` ՀՀ իշխանությունների նկատառումն է լրջագույն բարեփոխումների ու նեդրումների ճանապարհով լուծել առկա խնդիրները։