ՊԵԿ նախկին պաշտոնյայից 50 մլն դրամ կբռնագանձվի. հաշտության համաձայնության վճիռ է կայացվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոցի» վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանից շուրջ 50 մլն դրամ կբռնագանձվի։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ դատական դեպարտամենտը։

«Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն։ Համաձայն դրա` Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար։ Գործի մնացած մասի քննությունը շարունակվում է»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Գևորգ Հակոբյանը 2011–2016 թթ. ընթացքում հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ է եղել 2016–2018 թթ.:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Sputnik Արմենիա