Կվերանայվի հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար օրական տույժի չափը

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում 2025 թվականի հունվարի 1–ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը կվճարի 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Այսպիսով` նախագծով կառավարությունը վերանայում է հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար օրական տույժի չափը, որը սահմանված է Հարկային օրենսգրքով:

Մինչև 2018 թվականի հունվարի 1–ը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա տույժի չափը սահմանված էր ժամանակին չվճարված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 365 օրվա համար: «2018 թվականի հունվարի 1–ից մինչև 2020 թվականի ապրիլի 20–ը տույժերի չափ սահմանվեց 0.075 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 730 օրը:«2020 թվականի ապրիլի 21–ից, կորոնավիրուսով պայմանավորված՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության իրականացման սահամանափակումները, տույժի չափն իջեցվեց օրական 0.04 տոկոսի՝ նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները: Կարծում ենք, որ արդեն վերացել են այն պայմանները, որոնք այն ժամանակ առկա էին տույժերի չափն այդչափ նվազ սահմանելու համար»,–ասաց Մանուկյանը:

Նախագծով առաջարկվում է տույժերի չափը վերանայել, վերականգնել նախակորոնավիրուսային ժամանակաշրջանի համար սահմանված տույժի դրույքաչափը, որը հանդիսանում է 0.075 տոկոսը:

Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1–ից:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: