Բաքուն վիրավորված է Ֆրանսիայի ԱԳՆ-ից՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչի համար
Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև»,- նշված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այդ կոչին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջան մեկնելու վերաբերյալ խիստ նախազգուշացումը, որում որպես պատճառ նշում է անհիմն պնդումներն այն մասին, որ իբր Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում Ադրբեջանում։
Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է այդ երկրի մտադրությունը՝ էլ ավելի սրելու Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Panorama.am