ԱՄՆ-ն Հայաստանին 130 մլն դոլարի կտա ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին 130 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհ կտրամադրի։ Համապատասխան առաջարկի ընդունման մասին որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նման փոփոխություն նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրում»։

«Ակնկալվում է, որ լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը։ Դրանք կնպաստեն նաև ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելուն, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն»,– ասված է որոշման մեջ:

Այսպիսով` ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը կհասցվի 250 000 000 ԱՄՆ դոլարի։

Sputnik Արմենիա