«Սպասելու ենք ՍԴ որոշմանը«. Փաշինյանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին

Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող փաթեթի մեջ ներառված որոշման նախագծին, որը վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին:

«Քանի որ հարցը մենք ուղարկում ենք ՍԴ՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն ստուգելու համար, ես ենթադրում եմ, որ ՍԴ-ի դրական որոշումը ստանալու պարագայում, ոչ թե ենթադրում եմ, այլ այդ պարագայում հաստատ հարցը կգնա ԱԺ՝ վավերացվելու, և այնտեղ թերևս ավելի մանրարմասն քննարկում տեղի կունենա:

Մենք պատեհ չհամարեցինք ՍԴ ուղարկելուց առաջ Կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է: Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ ՍԴ դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան ԱԺ-ում, իսկ բացասական դիրքորոշման դեպքում դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:

Այնպես որ, այսօր քննարկելու անհրաժեշտություն չկար, բայց մյուս կողմից՝ ցանկացա արձանագրել՝ որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը»,- ասաց նա:

News.am